Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություն, Ուսումնական ճամբար

Ես Արատեսի դպրական կենտրոնում

Ողջունում եմ բոլորին, ես Արենն եմ, Արևելյան դպրոցի 5-րդ դասարանի սեբաստացի: Փորձեմ կարճ պատմել իմ եռօրյա ճամբարի արկածների մասին, չնայած, որ դա պատմելու չէ, այլ տեսնելու: Նշեմ, որ ես առաջին անգամ էի եռօրյա ճամբարում, մայրիկս միշտ «վախենում էր» թողնել, դե մայր է, անհանգստանում է, բայց ապրի ընկեր Իվետան, կարողացավ համոզել: Մենք շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ծնողներին հրաժեշտ տվեցինք և գնացինք հանգստանալու: Ճանապարհին այցելեցինք Սմբատաբերդ, ասում են, թե այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը, դրա համար տեղացիները այն անվանում են Սմբատաբերդ:

Շատ գեղեցիկ էր աշունը Վայոց ձորում, շուրջս ֆիլմերից տեսած կախարդական բնություն էր, բայց դա ամենա իսկական հայկական բնությունն է, որը այդքան գրավում է ուրիշին, իսկ մենք շատ անգամ այն սովորական ենք համարում: Հա, իրոք հեքիաթային էր, բա աշնան գույներ՜ը… Մի խոսքով հասանք Արատես, որտեղ գտնվում է «Մխիթար Սեբաստեցի» կրթահամալիրի մասնաճյուղ հանդիսացող Արատեսի դպրական կենտրոնը, որը, կարճ ասած, դպրոց է բնության գրկում: Շատ չմանրանամ ինչ արեցինք, իհարկե անչափ հետաքրքիր անցավ, բայց ես պատմեմ ամենա տպավորիչ պահերը: Խարույկի շուրջը մեր պատմությունները, թոնրի հայկական խորովածը, ավանդական գաթայի պատրաստումը համեմված մեր ոգևորված տրամադրությամբ ապացույցն էր այն բանի, որ սեբաստացին հաշտ է բնության հետ, իրեն լավ է զգում իր Արատեսում, որին պետք է խնամի, մաքուր պահի և պատվով փոխանցի մյուս սեբաստացիներին: Դե երգ ու պարի մասին էլ չխոսեմ, որտեղ մենք, էնտեղ մեր ազգայինը: Հետդարձին մտանք Սելիմի քարավանատուն,  ավանդության համաձայն՝ քուրդ առաջնորդ Սուլեմայի տղան սիրահարված է եղել Գեղարքունյաց աշխարհի գեղեցկուհիներից մեկին և միշտ այցելության է եկել նրան։ Մի անգամ էլ ձմռանը, ճանապարհը դժվարանցանելի է եղել, հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել, կորցրել է ճանապարհը ու խեղդվել ձնաբքի մեջ։ Քուրդ առաջնորդը իր տղայի հիշատակին կառուցել է մի իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը, ապա շարունակեն ճանապարհը։ Լեռնանցքը կոչվել է Սելիմի լեռնանցք, իսկ 2014 թվականին անվանափոխման արդյունքում կոչվում է Վարդենյաց լեռնանցք։ Հենց այդ տեղում էլ ավել ուշ կառուցվել է այժմյան քարավանատունը: Շատ տպավորիչ շինություն էր:

ՍԵԼԻՄԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ – idiscoverarmenia

Այնուհետև մտանք Հայրավանք:  1381-ին՝ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։ Այստեղից էլ առաջացել է Հայրավանքի «Մարդաղավնյաց» անունը:

Հայրավանք վանական համալիր, Գեղարքունիքի տեսարժան վայրեր

Մի խոսքով լավ կերած, խմած, տպավորված եկա տուն: Դե էլ որ դպրոցում ես կլինեի այսքան Ես, իսկ ուսուցիչներս այդքան իմը: Հավես եռօրյա ճամբար Արատեսում, սեբաստացիներով, ժպիտ առաջացնող հուշերով: Մինչ նոր պատումներ:

Возможно, это изображение (ребенок, стоит и небо)