Рубрика: «Ելք» ստուգատես

Մի հրաշքի պատմություն

Ողջույն բոլորին, ես Արենն եմ: Ես և իմ ընտանիքը շնորհավորում ենք բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը: Թող այս տարին իսկապես լինի հրաշքների, ժպիտների, փայլող աչքերի տարի: Ամանորը ամենա հեքիաթային տոնն է, որին սպասում են և՛ մեծերը,և՛ փոքրերը: Մեր հավատը այնքան մեծ է, որ կեսգիշերն անց, կարծես, երկնքից իսկապես մի կախարդանք է իջնում աշխարհի վրա: Եվ յուրաքանչյուրիս տուն մտնում է հրաշքը: Մեկի համար այն գալիս է Ձմեռ Պապիկի տեսքով, մյուսի համար իր նվերներն են, երրորդի համար կողքինին երջանիկ տեսնելն է հրաշք: Այս տարին, ինչ խոսք, յուրահատուկ էր: Ես միշտ եմ հավատացել հրաշքներին, բայց այս տարի ես սովորեցի նաև գնահատել յուրաքանչյուր լավ բան և համարել դա հրաշք: Ճիշտ է տարին չի կարող լինել լավը կամ վատը: Սակայն այս տարին փոխեց բոլորին: Իմ մասով կասեմ, որ մեծացա, շատ բան չեմ հասկանում կատարվող իրադարձություններից, բայց իմ տարիքի շատ երեխաներ դարձան դրա մի մասը: Հիմա ես գիտեմ, որ ես նույնպես կարող եմ մեկի համար հրաշք դառնալ, իմ բարի խոսքով, նեղ պահին մեկի կողքին կանգնելով, օգնելով, ժպիտ պարգևելով: Յուրաքանչյուրիս լավ և բարի արարքը, ոգևորող խոսքը, փոքրիկ, բայց սրտանց նվերը կարող է մի հրաշքի պատմություն դառնալ: Մենք ենք մեր շուրջը հրաշք ստեղծում և ինչպես գրել է Անտուան Դը Սենտ Էքզյուպերին .«Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք…»: Թող հրաշքը միշտ ապրի բոլորիս սրտում, հավատանք, որ ամեն վատ բան հրաշքով կավարտվի: