Рубрика: Մայրենի

Հրաչյա Աճառյանի մասին

Հրաչյա Աճառյանը ծնվել է Կոստանդնուպոլիսում՝ կոշկակարի ընտանիքում։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակերտել է Անտուան Մեյեին։ 1897 թվականին Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիրությունը լազերենի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թվականին Աճառյանը գալիս է Հարավային Կովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։ Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր-Նախիջևանում, Կարինում և այլ տեղեր: Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ։ Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939 թվականին արդարացվել է և վերադարձել Երևան։ Իր կյանքի վերջին տարիներին Աճառյանը նվիրվել էր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեծածավալ աշխատությանը՝ կազմված 12 հատորներից, որտեղ քննարկվում են հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ։ 1935 թվականին նրան շնորհվել է Գիտական վաստակավոր գործչի կոչում, իսկ 1943 թվականին նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։