Рубрика: Մայրենի

Աշխատասեր տղան

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

-Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

-Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

-Քանի՞ տարով կվերցնեք։

-Տասը տարով։

-Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

-Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

-Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Տղան նույնն է կրկնում, իսկ վաճառականը նույնը և տղան ասաց.

-Ես իմ վարձն եմ ուզում, որ հայրիկիս վերջին ուզած նվերը գնեմ:

-Դա ո՞րն է-հարցրեց վաճառականը:

-Նոր տուն-պատասխանեց տղան:

Այդտեղ վաճառականը հասկացավ, որ տղան ուզում է իր հայրիկի ամենաթանկ խնդրանքը անել, որովհետև նրան շատ է սիրում: Եվ այսպիսով վաճառականը տվեց տղային իր վարձը, նույնիսկ ավելի շատ, քան պետք էր: Տղան շնորհակալություն հայտնեց վաճառականին ու գնաց: Նա իր հայրիկին տարավ այդ տունը, որը նա ուզում էր և մի քանի ժամ հետո նրա հայրը մահացավ: Տղան մեծացավ, լավ վաճառական դարձավ, ընտանիք կազմեց և երեխաներ ունեցավ: Հետո նա տեսավ իր ուսուցիչ վաճառականին և ասաց.

-Բարև ձեզ, վարպետ: Ինչպե՞ս եք:

Վաճառականը պատասխանեց.

-Լավեմ այն օրվանից, որ քեզ հանդիպեցի, որ դու շատ լավ և ճարպիկ աշխատում էիր և այն օրվանից հետո, որ ես կատարեցի քո խնդրանքը: Սիրտս մի տեսակ հանգստացավ-ասեց վաճառականը, գրկեց տղային և գնաց: